Գլխավոր էջ





ԳԿՄԿ դասախոսը՝ ներառական կրթությանը նվիրված մոսկովյան գիտաժողովի մասնակից

Հունիսի 22, 2026

Ս․թ․ հունիսի 18-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի կրթության ակադեմիայի կազմակերպած «XXI դարի ներառականությունը. առողջական սահմանափակ հնարավորություններով անձանց կրթությունը թվային դարաշրջանում» խորագրով V միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված էր հայեցակարգային մոտեցումների քննարկմանը, առաջատար փորձի փոխանակմանը և նոր տեխնոլոգիաների ներդրման հիմնախնդիրներին: Օրակարգում էին կրթական ոլորտում ինովացիոն թվային լուծումների  ներդրման, միջազգային փորձի կիրառման, ներառական մոդելների ներդրման, կրթական միջավայրի ձևավորման ու հարմարեցման արդի մոտեցումներին առնչվող հարցերը։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համաժողովին մասնակցել է Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, պատմ․գ․թ․ Լիլիթ Ասոյանը։ Նա ելույթ է ունեցել «Առողջական սահմանափակ հնարավորություններով անձնանց կրթությունը թվային դարաշրջանում Հայաստանի փորձը» խորագրով զեկուցմամբ, որում նշել է․ «Հայաստանի Հանրապետության փորձը նշանակալի է հետխորհրդային երկրների համար, քանի որ այն ներառական կրթության համակարգային արդիականացման լավագույն օրինակ է՝ սահմանափակ ռեսուրսների և բարդ սոցիալ-տնտեսական փոխակերպումների պայմաններում»։

Ելույթը բարձր գնահատվեց և կարևորվեց գիտաժողովի կազմակերպիչների, ինչպես նաև «Առողջական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ և ներառական կրթության զարգացման ուղենիշները» խորագրով կլոր սեղանի մասնակիցների կողմից։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին