Գլխավոր էջ





Աշխատանքային կողմնորոշման այցելություն «Ինստիգեյթ» կազմակերպություն

Մայիսի 20, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից կազմակերպվող աշխատանքային կողմնորոշման այցելությունների շարքի հերթական կանգառը «Ինստիգեյթ» կազմակերպությունն էր։ 2025 թվականի մայիսի 19-ի այցելությունը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրանտների ցանկությանն ընդառաջ։ Նպատակը՝ ծանոթանալ ոլորտային կազմակերպության գործունեությանը, հասկանալ, թե որքանով է կառույցը համապատասխանում իրենց՝ որպես պրակտիկայի և հետագա աշխատանքի վայր։

Այցելող խումբը՝ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեց «Ինստիգեյթ» կազմակերպության ստորաբաժանումներով։

«Ինստիգեյթ»-ում է տեղակայված ԳԿՄԿ «Համակարգչագիտություն և ինքնավար համակարգեր» ամբիոնը, որ իրացնում է «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական ծրագիրը։ Կայացավ ԳԿՄԿ երկու առնչակից մասնագիտությունների մագիստրանտների հանդիպումը, որի ընթացքում «Տեղեկատվական համակարգերի մշակում» մասնագիտության մագիստրանտները ներկայացրին «Ինստիգեյթ»-ում իրենց ծավալած գործունեության ընդհանուր պատկերը, ինչպես նաև՝ դրվագային օրինակներ ընթացիկ նախագծերից։ Երկու մասնագիտությունների մագիստրանտները փոխանակվեցին իրենց մագիստրոսական թեզերի մասին տեղեկատվությամբ՝ հասկանալու համար իրենց մասնագիտական ոլորտների առնչակցության սահմանները։

Այցելող խումբը ծանոթացավ նաև «Իրական դպրոց»-ի դասապրոցեսին՝ աշակետների և ուսուցիչների մեկնաբանություններով ուղեկցված։

Այցելությունն օգտակար գտնվեց, քանի որ հնարավորություն տվեց մագիստրանտներին հասկանալու, որ «Ինստիգեյթ»-ը նախընտրելի վայր է իրենց պրակտիկայի անցկացման համար, իսկ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետը պատրաստակամություն հայտնեց քննարկելու այդ պահանջարկը ԳԿՄԿ տնօրենության հետ՝ դրա իրականություն դառնալը համապատասխան ընթացակարգով ապահովելու նպատակով։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին