Կայացավ staff.am-ի թրեյնինգը
Դեկտեմբերի 18, 2025
Դեկտեմբերի 17-ին Staff.am-ը՝ ի դեմս հաճախորդների սպասարկման բաժնի պետ Ալինա Գրիգորյանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) անցկացրեց ճանաչողական թրեյնինգ: Հանդիպման թեմաներն էին՝ «Աշխատաշուկայի մարտահրավերները: Ցանկալի աշխատանք գտնելու բանալիներ»:
Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը՝ բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի գլխավորությամբ:
Թրեյնինգն անցավ հիբիդային ձևաչափով (առկա և առցանց), ինչին ներկա էին ԳԿՄԿ ուսանողներ, տարբեր տարիների շրջանավարտներ, վարչական կազմի աշխատակիցներ:
Բանախոսը մեծ պատրաստակամությամբ ներկայացրեց staff.am հարթակի լայն հնարավորությունները, արդի աշխատաշուկայի ընդհանուր բնութագիրը, ցանկալի աշխատանք գտնելու գործողություններն արդյունավետ դարձնելու որոշ գաղտնիքներ: Հատուկ անդրադարձ կատարվեց մրցունակ CV և մոտիվացիոն նամակ գրելու նրբություններին:
Ծավալվեց ակտիվ հարցուպատասխան: Քննարկվեցին ԳԿՄԿ-ի և staff.am-ի միջև տևական համագործակցություն հաստատելու հնարավորությունները՝ ի նպաստ ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանման: Կողմերը որոշում կայացրին՝ առաջիկայում դրանց մանրամասն քննարկմանը վերադառնալու:
Ըստ մասնակցած ուսանողների և շրջանավարտների՝ թրեյնինգը բավականին անհրաժեշտ էր և օգտակար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին


