Մագիստրոսական դիպլոմների հանդիսավոր հանձնում ևս 2 կուրսի
Սեպտեմբերի 18, 2025
2025թ․ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դահլիճում հանդիսավոր կերպով դիպլոմներ հանձնվեցին «Քաղաքագիտություն» և «Տեղեկատվական համակարգերի մշակում» մասնագիտությունների մագիստրոսներին։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը և համապատասխան ամբիոնների վարիչները։
Շնորհավորելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին՝ փոխտնօրենը մաղթեց լինել հաստատակամ՝ հաղթահարելու համար կյանքի բոլոր մարտահրավերները։ Նա վստահություն հայտնեց, որ ԳԿՄԿ-ում ստացած գիտելիքները հնարավորություն կտան նրանց քայլեր անելու նաև գիտության ոլորտում։ Վերջում հորդորեց․ «Ստանալով ձեր դիպլոմները՝ դուք ստանձնում եք ավելի մեծ պարտավորություն, քան ձեր անձնական պարտավորություններն են․ պետք է ձեր ներդրումն ունենաք հայրենիքի զարգացման գործում, ծառայեք հայրենիքին և կառուցեք ձեր երազած ապագան»։
Արտահայտվեցին նաև Պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանը, Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի վարիչ Հովհաննես Դաշտոյանը։ Շնորհավորելով շրջանավարտներին՝ նրանք մաղթեցին մասնագիտական նորանոր հաջողություններ և անձնական երջանկություն՝ ողջունելով ԳԿՄԿ-ում կրթություն ստանալու նրանց կատարած քայլը և հորդորելով մշտապես բարձր պահել Կենտրոնի անունը։
Արտահատվեցին նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով իրենց դասախոսներին և Կենտրոնի վարչակազմին՝ ստացած հարուստ և պրակտիկ գիտելիքների, ջերմ վերաբերմունքի համար, ինչպես նաև նշելով, որ ԳԱԱ ԳԿՄԿ-ի մագիստրոս լինելը մեծ պատիվ և պատասխանատվություն է իրենց համար։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին