Erasmus+ պատմություն Միջազգային տելեմատիկ համալսարանում (Հռոմ)
Նոյեմբերի 16, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտության մագիստրանտ Քնարիկ Կարապետյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակում 1 կիսամյակ ուսանել է Միջազգային տելեմատիկ համալսարանում (Հռոմ)։ Հարցազրույցը նրա տպավորությունների մասին է։
– Քնարի՛կ, որքանո՞վ էր քեզ համար սպասված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական շարժունության ծրագրի մասնակից դառնալը։
– Երբ իմացա, որ հնարավորություն ունեմ ուսումս շարունակելու Հռոմում՝ միջազգային համալսարանում, դա ինձ համար և՛ մեծ ուրախություն էր, և՛ որոշակի պատասխանատվություն։ Իհարկե, սկզբում կային նաև անհանգստություններ՝ կապված նոր միջավայրի, լեզվի, ուսումնական գործընթացի և ինքնուրույն կյանքի հետ, բայց կարծում եմ՝ հենց այդ անորոշությունն էլ փորձառությունն ավելի հետաքրքիր դարձրեց։
– Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել շարժունության ծրագրին։
– Ինձ համար հիմնական շարժառիթը մասնագիտական և անձնական զարգացման հնարավորությունն էր։ Կարծում եմ՝ հատկապես մագիստրոսական կրթության ընթացքում շատ կարևոր է դուրս գալ ծանոթ կրթական միջավայրից և հնարավորություն ունենալ մասնագիտությունդ ուսումնասիրելու այլ տեսանկյունից։ Քանի որ սովորում եմ կլինիկական հոգեբանություն, ինձ հետաքրքիր էր ծանոթանալ եվրոպական կրթական համակարգին, ուսումնասիրել հոգեբանության ոլորտում կիրառվող մոտեցումներն ու մեթոդները, ինչպես նաև տեսնել, թե ինչպես է կազմակերպվում մասնագիտական կրթությունն այլ երկրում։ Միևնույն ժամանակ ուզում էի փորձել ապրել այլ երկրում, ինքնուրույն հաղթահարել առօրյա մարտահրավերները, շփվել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ և ավելի լավ ճանաչել ինքս ինձ։
– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր հետ տանում է ոչ միայն իր անձնական փորձը, այլև այն մշակույթն ու արժեքները, որոնց միջավայրում ձևավորվել է։ Ես ինձ հետ տարա հայկական մշակույթի, մարդկային ջերմության և հյուրընկալության մասին իմ պատկերացումները։ Փորձել եմ բաց լինել նոր մշակույթների նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով իմ ինքնությունն ու արժեքները։
– Ի՞նչ տեսար հյուրընկալող համալսարանում, Իտալիայում և ուղևորությանդ ընթացքում այցելածդ վայրերում։
– Հռոմն ինձ համար դարձավ ոչ միայն ուսման, այլև բազմաթիվ բացահայտումների քաղաք։ Ինձ միշտ հետաքրքրել է պատմությունն ու մշակույթը, և Իտալիան այդ առումով իսկապես շատ տպավորիչ էր։ Հռոմից բացի՝ հնարավորություն ունեցա այցելելու նաև Վենետիկ, Միլան, Ֆլորենցիա, Նեապոլ և մի շարք այլ քաղաքներ։ Յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատուկ մթնոլորտը, ճարտարապետությունը, մշակութային առանձնահատկություններն ու կենսակերպը։
Ամենակարևորն այն էր, որ կարողացա այս քաղաքները ճանաչել ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև որպես մի քանի ամիս այդ երկրում ապրող և սովորող մարդ։ Դա լրիվ այլ զգացողություն է. սկսում ես նկատել ոչ միայն տեսարժան վայրերը, այլև մարդկանց առօրյան, սովորույթները, մտածելակերպն ու մշակութային տարբերությունները։
– Ի՞նչ ստացար հյուրընկալող համալսարանում։
– Համալսարանում ստացածս ամենակարևոր արժեքը մասնագիտական գիտելիքների ընդլայնումն էր՝ հոգեբանության որոշ ուղղություններին այլ տեսանկյունից ծանոթանալու հնարավորությունը։ Ուսումնասիրել եմ մի շարք հետաքրքիր դասընթացներ, որոնք ինձ հնարավորություն տվեցին ավելի խորությամբ հասկանալու մարդու ուղեղի, ճանաչողական գործընթացների, վարքի և հոգեբանական երևույթների փոխկապակցվածությունը։ Հատկապես հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են հոգեբանությունը, նյարդաբանությունը և լեզվաբանությունը լրացնում միմյանց։
Բացի մասնագիտական գիտելիքներից՝ ձեռք բերեցի նաև միջազգային կրթական միջավայրում սովորելու և տարբեր կրթական մոտեցումների հետ աշխատելու փորձ։
– Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով տրվեց քեզ այդ ամենը։
– Քանի որ UNINETTUNO-ն հեռավար կրթության համալսարան է, ուսումնական գործընթացում մեծ դեր ուներ թվային կրթական հարթակը, որտեղ հասանելի էին դասախոսությունները և ուսումնական նյութերը։ Այս ձևաչափը պահանջում էր բավականին մեծ ինքնուրույնություն, պատասխանատվություն և ժամանակի ճիշտ կառավարում։ Պետք էր կարողանալ ինքնուրույն կազմակերպել ուսումնական գործընթացը, հետևել դասընթացներին և աշխատել տրամադրված նյութերով։ Այդպիսով ուսանողը դառնում է սեփական ուսումնառության ավելի ակտիվ կազմակերպիչը։ Նման ձևաչափում ինքնակարգապահությունը շատ կարևոր է։
– Ավելի շատ գիտելի՞ք, թե՞ գործնական կարողություն և հմտություն ստացար։
– Կասեի՝ երկուսն էլ, բայց տարբեր առումներով։ Մասնագիտական տեսանկյունից՝ առավելապես ընդլայնեցի տեսական գիտելիքներս, քանի որ դասընթացները հնարավորություն տվեցին ուսումնասիրելու նոր թեմաներ և խորանալու արդեն ծանոթ ոլորտներում։ Իսկ անձնական և կազմակերպչական առումով՝ ավելի շատ զարգացրի գործնական՝ կյանքի հմտություններս։
– Ի՞նչ բերեցիր քեզ հետ որպես ոչ նյութական արժեք՝ գիտելիք, կարողություն, հմտություն, գաղափար, հույզ։
– Ինձ հետ բերեցի շատ ավելի լայն աշխարհայացք, նոր գաղափարներ և հիշողություններ։ Հասկացա, որ երբեմն պետք է պարզապես դուրս գալ հարմարավետության գոտուց, որպեսզի բացահայտես քո այն կողմերը, որոնց մասին նախկինում նույնիսկ չէիր մտածել։ Մի կարևոր բան էլ հասկացա՝ տարբեր են մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը և արժեքները, և շատ հետաքրքիր է այդ տարբերություններից սովորելը։
Իսկ ամենակարևորն այն է, որ վերադարձա ոչ միայն նոր գիտելիքներով, այլև նոր փորձով, որը հետագայում անպայման կազդի թե՛ մասնագիտական, թե՛ անձնական որոշումներիս վրա։
– Ո՞րն է մագիստրոսական թեզիդ վերնագիրը, և ի՞նչ նշանակություն ունեցավ Իտալիա մեկնելդ մագիստրոսական թեզիդ պատրաստման հարցում։
– Իմ մագիստրոսական թեզի թեման է՝ «Վախերի և տագնապայնության մակարդակը հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց մոտ»։
Թեև Իտալիայում գտնվելս անմիջականորեն կապված չէր հենց թեզի հետազոտական աշխատանքի իրականացման հետ, այդ փորձառությունն ինձ հնարավորություն տվեց ընդլայնելու մասնագիտական գիտելիքներս և ծանոթանալու հոգեբանությանն առնչվող տարբեր գիտական ուղղությունների։ Հատկապես հետաքրքիր էին նյարդաբանության և հոգեբանական գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ դասընթացները, որոնք օգնեցին ավելի ամբողջական պատկերացում կազմել մարդու հոգեկան գործընթացների մասին։
– Համեմատելով քեզ մինչ Իտալիա մեկնելդ և վերադարձից հետո՝ ի՞նչ փոփոխություններ կնշես։
– Երբ հայտնվում ես մի երկրում, որտեղ սկզբում գրեթե ամեն ինչ անծանոթ է՝ միջավայրը, մարդիկ, առօրյան, համակարգերը, հասկանում ես, որ պետք է ինքդ կարողանաս կողմնորոշվել և պատասխանատվություն կրել քո որոշումների համար․ այդ ամենն ինձ դարձրեց ավելի ինքնուրույն ու համարձակ։ Փոխվել է նաև աշխարհայացքս․ սկսել եմ ավելի բաց վերաբերվել տարբերություններին, ավելի ճկուն մտածել և հասկանալ, որ միշտ չէ, որ գոյություն ունի իրավիճակներին մոտենալու միայն մեկ ճիշտ տարբերակ։
– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։
– Սա հնարավորություն է համեմատելու կրթական համակարգերը, ծանոթանալու նոր մասնագիտական մոտեցումների, շփվելու տարբեր երկրների ուսանողների հետ և ձևավորելու ավելի լայն աշխարհայացք։ Նման փորձառությունը նպաստում է նաև անձնական զարգացմանը։
– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։
– Շատ գոհ եմ և կարծում եմ՝ սա այն փորձառություններից է, որի արժեքը լիարժեք հասկանում ես հատկապես վերադառնալուց հետո։ Եթե հնարավորություն ունենայի կրկին մասնակցելու նման ծրագրի, առանց երկար մտածելու՝ կդիմեի։ Ինձ համար սա պարզապես արտերկրում անցկացրած ժամանակահատված չէր, այլ մի ամբողջական փորձ, որն ինձ շատ բան տվեց՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով։
– Ի՞նչ խորհուրդ կտաս այն ուսանողներին, որ դեռ չեն մասնակցել նման ծրագրերի։
– Իմ ամենակարևոր խորհուրդն է՝ չվախենալ և անպայման փորձել, իսկ հաջողելու դեպքում՝ չսահմանափակվել միայն համալսարանով ու դասերով, այլ հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, ճանաչել մշակույթը, ուսումնասիրել քաղաքը և բաց լինել նոր փորձառությունների համար։
Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի
և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը






