Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդում ամփոփվեցին 2025 թվականի աշխատանքները

Դեկտեմբերի 15, 2025

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի նիստ, ինչի օրակարգում Կենտրոնի փոխտնօրենների և բոլոր ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետվությունների քննարկումն էր: Ներկա էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները, այդ թվում՝ ուսանողներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու որոշ աշխատակիցներ: Նիստն ընթացավ հիբրիդային ձևաչափով՝ հիմնականում առկա՝ հեռավար մասնակցության զուգահեռմամբ:

Իր բացման խոսքում տնօրեն Ա. Սարգսյանը նշեց, որ, ըստ ներկայացված գրավոր հաշվետվությունների նախնական ուսումնասիրության, Կենտրոնը տարեցտարի գրանցում է արդյունավետ աշխատանքի աճող ցուցանիշներ՝ դրանում կարևորելով բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների ունեցած ներդրումը: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները համապարփակ կերպով ներկայացրին կատարած աշխատանքները՝ ընդգծելով հատկապես տարվա ընթացքում գրանցված կարևոր և նորարարական արդյունքները։

Ընդհանուր առմամբ արձանագրվեց, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բոլոր ստորաբաժանումներն էլ աշխատել են հաստատված տարեկան պլանների և կանոնակարգերի համապատասխանությամբ՝ գրանցելով առաջընթացի ցուցանիշներ՝ նախորդ տարիների համեմատությամբ:

Ըստ փոխտնօրենների հաշվետվությունների տվյալների՝ շոշափելի հաջողություններ են գրանցվել Կենտրոնի թե՛ գիտահետազոտական, թե՛ ուսումնական աշխատանքների ոլորտներում:

Արդյունավետորեն իրագործվել է ներքին մշտադիտարկման գործընթացը։

Տարվա հաջողությունների շարքում նշվեց նաև առցանց հանդիպումների լսարանի բացման մասին, որն արդեն պատրաստ է և շուտով շահագործման կհանձնվի։ Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգայնացման գործընթացին, որն ակտիվ վերելք է գրանցել և՛ գործընկեր կազմակերպությունների, և՛ միջազգային շարժունության առումներով:

Ուրախությամբ արձանագրվեց, որ Կենտրոնի գործունեությունը 2025-ին ևս եղել է պատշաճորեն լուսաբանված և հանրայնացված, ինչը նպաստել է 2025 թվականի դիմորդների և Կենտրոնի կայքի ու բոլոր սոցցանցային էջերի այցելուների, հետևորդների աճին։

 

Ներկայացված բոլոր հաշվետվությունները հաստատվեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամների կողմից:

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին