ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը մասնակցեց Տուշայի համալսարանի միջազգային շաբաթին։ Կրկնակի դիպլոմի ծրագրի մեկնարկ
Մայիսի 12, 2025
2025 թ. մայիսի 5-9-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) պատվիրակությունը մասնակցեց Իտալիայի Տուշայի համալսարանի կողմից կազմակերպված միջազգային շաբաթին։ Միջոցառման շրջանակներում քննարկվեցին Էրազմուս+ KA171 միջազգային կրեդիտային շարժունության և Կարողությունների զարգացման ծրագրերը, պատվիրակության անդամները մասնակցեցին միջազգային գիտաժողովի՝ «Կանայք գործնական աշխարհում. Կանանց հավասարություն» խորագրով։
ԳԿՄԿ պատվիրակությունը գլխավորում էր տնօրեն Արմեն Սարգսյանը։ Պատվիրակության կազմում էին ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը, ԳԿՄԿ գիտական քարտուղար Մերի Սարգսյանը, ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը և նույն ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը։
Այցի շրջանակներում ԳԿՄԿ պատվիրակությունը խորացրեց համագործակցությունը Տուշայի համալսարանի «Մարքեթինգ և որակ» ֆակուլտետի հետ՝ ուղղված նոր, աննախադեպ համատեղ նախաձեռնությանը՝ «Մարքեթինգ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի ստեղծմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեցին ծրագրի ուսումնական պլանը, բովանդակությունը և հետագա ռազմավարական քայլերը։ Հանդիպումն անցավ արդյունավետ և կառուցողական մթնոլորտում, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ծրագիրը հնարավորինս շուտ գործարկելու։
Այս ծրագիրն աննախադեպ է Հայաստանի կրթական համակարգում, քանի որ «Մարքեթինգ» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագիրն առաջինն է իր տեսակով։ Այն կբացի նոր հեռանկարներ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ապագա ուսանողների համար՝ ապահովելով միջազգային մակարդակի կրթություն և համագործակցության եզակի հարթակ, կմիավորի տեղական և միջազգային ակադեմիական փորձը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական նոր հմտությունների ձևավորմանը և ընդլայնելով նրանց ակադեմիական ու կարիերայի հնարավորությունները։
ԳԿՄԿ պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Erasmus+ ուսանողական շարժունության ծրագրով Տուշայի համալսարանում այս պահին ուսանող «Գործարար վարչարարություն» մասնագիտության ԳԿՄԿ մագիստրանտների հետ՝ ծանոթանալով նրանց հաջողություններին և Տուշայում ուսանելու ընթացքից ստացած տպավորություններին։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին