Կրթության կառավարման ոլորտը համալրվեց նոր մագիստրոսներով
Սեպտեմբերի 14, 2026
Ս․թ․ սեպտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) մագիստրոսական դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսություն էր։ Հերթը «Կրթության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներինն էր։
Շրջանավարտներին ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեցին ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը և ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։ Ջերմորեն շնորհավորելուց և մասնագիտական վերելքներ մաղթելուց զատ՝ նրանք հորդորեցին շրջանավարտներին մշտապես կապի մեջ մնալ ԳԿՄԿ-ի հետ, որտեղ պարբերաբար իրականացվում են մասնագիտական զարգացման տարաբնույթ միջոցառումներ։
Նաիրա Հակոբյանը կարևորեց շրջանավարտների ընտրած մասնագիտությունը՝ հասարակության մեջ որոշիչ դերով․ «Կրթության ոլորտի ներկայացուցիչներիդ ձեռքերում է մեր գրագիտության, կրթության, ազգի կոնստրուկտիվ դրական շարժի ճակատագիրը»։
Ատոմ Մխիթարյանն իր խոսքում ընդգծեց․ «Ցանկանում եմ, որ դուք դառնաք կրթության կառավարիչների մեծ համայնքի կարևոր ներկայացուցիչներ՝ էականորեն նպաստելով ՀՀ-ում կրթության մակարդակի բարձրացմանը»։
Դիպլոմներն ստանալուց հետո արտահայտվեցին նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով ԳԿՄԿ-ում ստացած հարուստ մասնագիտական գիտելիքների և հմտությունների, ջերմ վերաբերմունքի և խթանող ակադեմիական միջավայրի համար։
«Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագիրն, ի դեպ, այս տարի նշում է իր 5-ամյակը։ Այն արդեն կայացած ծրագիր է, ինչի վկայությունն են օրվա շրջանավարտների գրանցած մասնագիտական հաջողությունները։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
