Գլխավոր էջ





Մագիստրոսի դիպլոմներ շնորհվեցին ևս չորս կրթական ծրագրերի շրջանավարտների

Հուլիսի 14, 2025

Ս․թ․ հուլիսի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն էր։ Հերթը առկա համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում», «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Կիրառական սեյսմոլոգիա» կրթական ծրագրերի շրջանավարտներինն էր։

Միջոցառմանը ներկա էին ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը,  Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը և Պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանը, ովքեր  և հնչեցրին ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր։

Տնօրեն Արմեն Սարգսյանը, ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին այդ կարևոր իրադարձության առթիվ, հիշեցրեց, որ Գիտությունների ազգային ակադեմիան, հիմնադրված լինելով մեր ազգի մեծությունների կողմից, եղել և մնում է անհերքելի ազգային արժեք, իսկ ԳԿՄԿ-ն, լինելով ԳԱԱ կազմակերպություններից մեկը, այդ արժեքների կրողն է։ Տնօրենը հորդորեց շրջանավարտներին մշտապես բարձր պահել ԳԿՄԿ-ի հեղինակությունը՝ ավելացնելով․ «Ուր էլ լինեք, իմացե՛ք, որ մենք ձեզ սպասում ենք այստեղ որպես ոչ միայն շրջանավարտների, այլև ասպիրանտների և գործընկերների։ Ձեզ մասնագիտական բազում հաջողություններ։ Եղե՛ք վստահ ձեր բոլոր նախաձեռնություններում, միշտ եղե՛ք նորարար, ունեցե՛ք բազում հաջողություններ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետ աշխատած պրոֆեսորադասախոսական կազմին կատարած աշխատանքի համար, քանի որ այս տարիներին նրանք անշահախնդիր ու մեծ նվիրումով ձեզ են փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը, որպեսզի դուք կայանաք որպես մասնագետներ»։

Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին և հակիրճ անդրադարձ կատարելով իր ղեկավարած ամբիոնի շրջանավարտների անցած ուղուն, ընդգծեց․ «Մենք այսօր այն վիճակում ենք ապրում, որ չենք կարող անտարբեր մնալ։ Մեզանից ցանկացած մեկի հաջողությունը պետք է համարել ՀՀ հաջողությունը, ուստի հորդորում եմ հնարավորինս արագ աճեցնել այն սերմերն ու ծիլերը, որ ձեզանում դրվել են մագիստրոսական կրթության այս երկու տարիների ընթացքում՝ գիտելիք սպառողից վերածվելով ստեղծողի»։

Պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանը, մասնագիտական նորանոր հաջողություններ և անձնական երջանկություն մաղթելով շրջանավարտներին՝ հիշեցրեց, որ ԳԿՄԿ միջազգային հարաբերությունների կրթական ծրագրի շրջանավարտները մշտապես բարձր են պահել Կենտրոնի հեղինակությունը հանրապետությունում և արտերկրում։ Իր խոսքն ամփոփելով՝ նա նշեց․ «Եղե՛ք ԳԿՄԿ ակադեմիական արժեքների վստահ կրողը և մեր արժանի դեսպանները հասարակության մեջ»։

Իրենց կուրսերի անունից երախտագիտության խոսք արտահայտեցին ավարտող կուրսերի ավագները։

«Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» մասնագիտության մագիստրոս Վահե Աթոյանը, որ շարժունության ծրագրերով ԳԿՄԿ-ում ուսանելու տարիներին ուսումնառություն է ստացել նաև Նորվեգիայում, նշեց․ «Սրտանց շնորհակալությունս եմ հայտնում ԳԿՄԿ-ին մեզ համար գիտության ճանապարհ բացելու և այդ ճանապարհով ուղղորդելու համար»։ Իր ստացած մագիստորսական կրթության մեջ Վահեն կարևորեց հատկապես այն, որ դասախոսները զինված են եղել ոլորտի ոչ միայն հիմնարար, այլև արդիական գիտելիքներով՝ կրթական գործընթացում ներառելով նաև ամենավերջին գիտական աշխատանքները։ Նա նշեց, որ իր համար ԳԿՄԿ-ի նշանակությունը կարևորվում է հատկապես նրանով, որ այստեղ ստացած գիտելիքը անմիջապես հնարավորություն է տալիս մտնելու գործնական հետազոտության դաշտ։

«Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության մագիստրոս Եպրաքսյա Արշակյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Շնորհակալություն եմ հայտնում ԳԿՄԿ-ին նման մակարդակի ամբիոններ իրենում ունենալու և կրթության նման մակարդակ ապահովելու համար, քանի որ այստեղ ստացած մեր կրթությունը, վստահ եմ, շատ-շատ է տարբերովում այլ բուհերում տրվողներից։ Այստեղ մենք, իրոք, գիտահենք կրթություն ենք ստանում և կարող ենք մեզ ամբողջությամբ զգալ գիտության մեջ»։ Իր խոսքն ամփոփեց պորֆեսորադասախոսական կազմին, մասնավորապես՝ ամբիոնի վարիչին, ուղղված շնորհակալության խոսքով՝ փոխանցված հարուստ գիտելիքների և կրթելու գործընթացում դրսևորած սրտացավ վերաբերմունքի համար։

«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մագիստրոս Ալվարդ Անտոնյանն իր խոսքում մասնավորապես շեշտադրեց․ «Շնորհակալություն ԳԿՄԿ-ին մեր գիտական ուղու հիմքը դնելու և հիմնաքարը լինելու համար, մեր կառուցած տանը ևս մեկ քար ավելացնելու համար։ Շնորհակալ ենք ցանկացած հարցում մեզ աջակցելու համար»։

 

Ավելի շատ լուսանկարներ՝ «Պատկերասրահ․ Դիպլոմների հանդիսավոր հանձնում 2025» բաժնում։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին