Գլխավոր էջ





ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը՝ գիտակրթական ոլորտի միջազգային գիտաժողովի մասնակից

Նոյեմբերի 13, 2026

Հոկտեմբերի 10-19-ին Իտալիայի Էրիչե քաղաքում (Սիցիլիա) տեղի ունեցավ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի (TWAS), Ակադեմիաների միջազգային գործընկերության (IAP) և Էթորե Մաջորանայի գիտական կենտրոնի կազմակերպած «Գիտության և կրթության զարգացման ռազմավարությունը փոփոխվող աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ UNESCO-ի հովանու ներքո։

Գիտաժողովին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) ներկայացուցիչն էր դեկան Ատոմ Մխիթարյանը (ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ)։ Նա հանդես եկավ գիտական զեկույցով և վարեց բարձրագույն կրթությունից դեպի գիտություն սահուն անցմանը նվիրված աշխատաժողովը։

Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների գիտական և կրթական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու գիտության զարգացման արդի մարտահրավերները, կրթության մեջ արհեստական բանականության կիրառումը, գիտության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը և երիտասարդների գիտական կարողությունների զարգացումը։

Գիտաժողովի շրջանակում Ատոմ Մխիթարյանի առաջարկությամբ մշակվեց երիտասարդների՝ գիտության մեջ ներգրավման միջազգային նախագիծ, որը ներկայացվեց պլենար նիստում և արժանացավ մասնակից երկրների ակադեմիաների ներկայացուցիչների հավանությանը։ Նա նաև ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի՝ բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման փորձը։

Մասնակցությունը հնարավորություն տվեց կապեր հաստատելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Սերբիայի, Եթովպիայի, Ղազախստանի և Թունիսի գիտությունների ազգային ակադեմիաների ներկայացուցիչների հետ՝ ապագա համատեղ ծրագրերի, ակադեմիական փոխանակումների և գիտական համագործակցության հեռանկարների շուրջ։

Առանձնահատուկ էին հանդիպումները ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Բրյուս Ալբերտսի և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ Պիեռ Լենայի հետ։ Վերջինս, հետաքրքրվելով ՀՀ ԳԱԱ գործունեությամբ և Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներով, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների միջազգային համագործակցությանը։

Գիտաժողովի արդյունքներով ընդունվեց Էրիչեի հայտարարությունը՝ ուղղված գիտության հանրամատչելիության և կրթության որակի բարձրացմանը։

Այս մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ էր՝ Հայաստանի գիտական ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի փորձը տարածելու և նոր համագործակցություններ ձևավորելու ճանապարհին։

 

Հ․Գ․ Էրիչեն, շնորհիվ Էթորե Մաջորանայի գիտական կենտրոնի, 1960-ականներից ի վեր դարձել է աշխարհի ամենանշանավոր վայրերից մեկը՝ գիտության համաշխարհային էլիտայի հավաքատեղի: Կենտրոնի հիմնադիր և նախագահ Անտոնինո Զիչիչիի ջանքերով Էրիչե են այցելել բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ և 20-21-րդ դարերի մեծագույն ֆիզիկոսներ, ինչպես, օրինակ, Փոլ Դիրակը, Ռիչարդ Ֆեյնմանը, Պյոտր Կապիցան, Ջոն Բելը, Մաքս Բոռնը, Ռոբերտ Օպենհայմերը, Էրվին Շրյոդինգերը և այլք։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին