Ներքին մշտադիտարկում անցավ ԳԿՄԿ ևս 2 ամբիոն
Մայիսի 12, 2025
Օրերս ներքին մշտադիտարկում անցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) ևս 2 ամբիոն՝ Իրավագիտության, Մոլեկուլային և բջջային կենսաբանության: Ինչպես նախորդ ամբիոնների դեպքում, այս անգամ նույնպես գործընթացն իրականացվեց մշտադիտարկման խմբի կողմից՝ արտաքին փորձագետի մասնակցությամբ:
Երկուսն էլ ԳԿՄԿ-ի երկարամյա ամբիոններից են՝ երկու տասնամյակի փորձով։
Իրավագիտության ամբիոնը մագիստրոսական կրթություն է իրականացնում սահմանադրական իրավունքի, պետության և իրավունքի տեսության, քաղաքացիական իրավունքի և դատավարության մասնագիտացումներով` իր շրջանավարտներով համալրելով ՀՀ պետական և դատաիրավական համակարգերը:
Իրավագիտության ամբիոնի ուժեղ կողմերից է առաջին հերթին դասախոսական կազմը, որում ներկայացված են հանրապետության դատաիրավական համակարգի առաջատար մասնագետները՝ իրենց իրավակիրառ պրակտիկայի հարուստ փորձով և գիտական բարձր որակավորմամբ:
Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնը գործում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ հիմնվելով նրա ժամանակակից տեխնիկական և մեթոդական բազայի վրա:
Ամբիոնը համալրված է որակյալ գիտական կադրերով, որ տպավորիչ ակտիվություն են ցուցաբերում գիտական հրապարակումներ թողարկելու ոլորտում, այդ թվում՝ միջազգային գրախոսվող ազդեցության գործակից ունեցող մասնագիտական ամսագրերում։
Ամբիոնի ուժեղ կողմերից է այն, որ բոլոր մագիստրանտներն ընդգրկված են ինստիտուտի գիտահետազոտական նախագծերում։
Երկու ամբիոնների դեպքում էլ, հաջողություններից զատ, ներկայացվեցին նաև կրթական ծրագրերն իրականացնելիս արձանագրված խնդիրները՝ դրանց պատճառաբանությամբ և լուծման փորձերով հանդերձ:
Մշտադիտարկման խմբի անդամները ծավալեցին ակտիվ քննարկում՝ ըստ մշտադիտարկման գործընթացի համար սահմանված կետերի:
Քննության առնվեցին նաև կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները: Իրավագիտության ամբիոնի փաստաթղթային փաթեթը բարձր գնահատականի արժանացավ մշտադիտարկող հանձնաժողովի կողմից։
Երկու ամբիոններն էլ մշտադիտարկող խմբում թողել են դրական տպավորություն, ինչի արձանագրումը՝ դիտարկումներով հանդերձ, առաջիկայում կքննարկվի ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների նիստերում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին