Գլխավոր էջ





ԳԿՄԿ դասախոսների Erasmus+ միջազգային շարժունությունը Տուշայի համալսանում

Դեկտեմբերի 11, 2025

2025 թ․ նոյեմբերի 24-28-ին Erasmus+ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) աշխատախումբը միջազգային գործուղմամբ գտնվում էր Իտալիայի Տուշայի համալսարանում՝ մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին և հանդես գալու մի շարք դասախոսություններով։ Գործուղմանը մասնակցում էին Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Կարեն Սարգսյանը, նույն ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գոհար Գրիգորյանը, Ավիատիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ, տեխն․գ․թ․ Անդրանիկ Աղաջանյանը։

Գործուղման շրջանակներում խումբը մասնակցել է հանդիպում-քննարկումների, շրջայց ունեցել Տուշայի համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, ծանոթացել, մասնավորապես, մարքեթինգի և ինժեներական մասնագիտությունների մեթոդական և լսարանային հնարավորություններին։ ԳԿՄԿ պատվիրակությանը ներկայացվել են նաև Տուշայի համալսարանի ինժեներական լաբորատորիաները և ինժեներական գործունեության ոլորտները։

Կարեն Սարգսյանը և Նարինե Մանուկյանը Տուշայի համալսարանում վարել են տնտեսագիտական թեմաներով դասախոսություններ։ Դասախոսությունից զատ՝ նրանք Տուշայի համալսարանի վարչական աշխատակազմի հետ վարել են բանակցություններ՝ ուղղված 2025 թվականից 2 բուհերի գործակցությամբ մեկնարկած կրկնակի դիպլոմով մարքեթինգի ՄԿԾ-ի շուրջ ընթացիկ հարցերին։

ԳԿՄԿ աշխատախումբը մասնակցել է նաև միջազգային նոր համագործակցությունների հաստատմանն ուղղված քննարկումներին։



ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին