Գլխավոր էջ





ԳԿՄԿ աշխատակից Մ․ Սարգսյանը Erasmus+ դասախոսություններ է կարդացել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում

Մայիսի 5, 2025

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Մերի Սարգսյանը, հրավիրված լինելով ընդունող համալսարանից, 2025 թվականի ապրիլի 20-ից Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում ներկայացրել է հայերենագիտական 5-օրյա դասախոսությունների շարք։ Գործուղումն իրականացվել է Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում։

 



Դասախոսությունների թեմաներն են եղել՝

  1. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնը. հետազոտական և կրթական ուղղությունները,
  2. Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ,
  3. Հայոց լեզվի զարգացումը. պատմական փուլերը,
  4. Հայոց այբուբենի ընդհանուր բնութագիը,
  5. Հայ գրերի տեսակները,
  6. Հայերենի հնչյունաբանության յուրացում. գործնական դաս,
  7. Հայերենի քերականության բացահայտում. գործնական դաս,
  8. Հայերենի հիմնական բառապաշարը. գործնական դաս։

          Կոմպլուտենսե համալսարանի Հայագիտական հատուկ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրանցիսկո Էրնանդեզ Զուրյանի հրավերով՝ Մ. Սարգսյանն այցելել է համալսարանական մի քանի ֆակուլտետ, դասախոսություններ կարդացել, ներկայացրել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնը, հետազոտական և կրթական ուղղությունները:

          Մ․ Սարգսյանը հյուրընկալվել է նաև Կոմպլուտենսե համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում, որտեղ և տեղակայված է Հայագիտական հատուկ ամբիոնը: Տեղում ծանոթանալով Կոմպլուտենսե համալսարանի Հայագիտական հատուկ ամբիոնի ակադեմիական և հետազոտական գործունեությանը՝ հաստատվել են համագործակցային կարևոր կապեր: Ֆակուլտետի դեկան Միգել Լուկե Տալավանի հետ քննարկել են գործուղման ընթացքը և հետագա համագործակցության հնարավորությունները:

          Աշխատանքային հանդիպում է եղել նաև Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համակարգող, UCM արտաքին կապերի գրասենյակի աշխատակից Սոնյա Գորրիզի հետ․ քննարկվել են  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտների և ասպիրանտների շարժունության և կրթական ծրագրերի համապատասխանության առանձնահատկությունները:

Հանդիպումները բավական արդյունավետ են եղել՝ դառնալով երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության սկիզբ: Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու խնդիրները թե՛ կրթական, թե՛ հետազոտական ծրագրերով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ոչ միայն կրթական ծրագրերի, այլև հետազոտական համատեղ աշխատանքների ուղղությամբ:

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին