Գլխավոր էջ





AFISHE լաբորատորիա՝ գիտությունը ընթացքի մեջ

Սեպտեմբերի 4, 2025

Հայաստանի քաղցրահամ ջրային էկոհամակարգերը յուրահատուկ են և պահանջում են գիտական ուսումնասիրությունների ժամանակակից մոտեցումներ։ ԱՖԻՇԵ լաբորատորիան, որը բացվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում հանուն կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, հագեցած է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով՝ ջրային կենսաբանության ոլորտում առաջատար հետազոտություններ իրականացնելու համար։

Ստորև ներկայացնում ենք լաբորատորիայում առկա սարքերը՝

 

TRM 301 Bresser Science կենսաբանական մանրադիտակը նախատեսված է ջրային օրգանիզմների, մմասնավորապես՝ ձկների հյուսվածաբանական, մակաբուծաբանական և մանրէաբանական կառուցվածքի մանրակրկիտ ուսումնասիրության համար։ Այն ապահովում է բարձր որակի պատկերման հնարավորություններ՝ իր բարձրակարգ օպտիկական համակարգի, իմերսիոն օբյեկտիվի և մինչև 1000× մեծացման շնորհիվ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ և մանրամասն լաբորատոր հետազոտություններ:

 

ETD 301 Bresser Science ստերեոմանրադիտակը նախատեսված է մակերեսային կառուցվածքների, մանր օբյեկտների և կենդանի կամ անշարժ նմուշների եռաչափ դիտարկման համար՝ ցածրից միջին մեծացման միջակայքում (մինչև ~80×): Այն արդյունավետորեն կիրառվում է այնպիսի դեպքերում, երբ անհրաժեշտ է օրգանիզմների արտաքին անատոմիական առանձնահատկությունների վիզուալ գնահատում, դաշտային նմուշների նախնական զննում կամ կենսաբանական նյութերի հետ մանր աշխատանքների իրականացում։ Ստերեոմանրադիտակը ապահովում է տարածական պատկերման հստակություն և պատկերների խորություն, ինչը հատկապես կարևոր է ձկների, խեցգետնակերպերի և այլ ջրային կենդանիների արտաքին կառուցվածքի ուսումնասիրության համար։

 

3 ЛЮМ Микромед ֆլյուորոսցենտային մանրադիտակը նախատեսված է բջջային և հյուսվածքային կառուցվածքների ուսումնասիրության համար՝ կիրառելով ֆլյուորոսցենտային ներկման մեթոդը։ Այն թույլ է տալիս հայտնաբերել հատուկ մոլեկուլներ, բջջային բաղադրիչներ և մանրէաբանական ախտածիններ՝ ֆլյուորոֆորների կողմից առաջացած լուսարձակման միջոցով։ Մանրադիտակը հագեցած է համապատասխան լույսի ֆիլտրերով և բարձր ինտենսիվության լուսային աղբյուրով, ինչը հնարավորություն է տալիս նմուշների դիտարկումը կատարել բարձր զգայունությամբ և գերազանց կոնտրաստով։

 

WS-200AD-4200 Cole-Parmer ջրաթորիչը լայնորեն կիրառվում է նմուշների պատրաստման, հոմոգենացման և լուծույթների ստեղծման նպատակով՝ ապահովելով միասնական և կայուն միջավայր հետազոտությունների համար։ Ջրաթորիչը թույլ է տալիս արագ և արդյունավետ մշակել տարբեր բնույթի կենսաբանական և քիմիական նմուշներ՝ պահպանելով նրանց բաղադրության և հատկությունների անխաթարությունը։

-86°C Freezer 158L/348L Biobase ցածր ջերմաստիճանի լաբորատոր սառցարանն նախատեսված է կենսաբանական նմուշների երկարաժամկետ պահպանման համար՝ մինչև -86°C խորացրած սառեցման պայմաններում։ Սարքը ապահովում է կենսաբանական նյութերի (հյուսվածքներ, սերմնաբջիջներ, սաղմեր, ԴՆԹ, ՌՆԹ, մանրէաբանական և վիրուսային նմուշներ) անվտանգ և կայուն պահպանում՝ կանխելով դրանց կենսաքիմիական կառուցվածքի փոփոխությունը և որակի կորուստը։ Սառցարանն առանցքային դեր է խաղում ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային աշխատանքների ընթացքում ստացված արժեքավոր նմուշների պահպանման գործընթացում՝ հնարավորություն ընձեռելով հետագայում իրականացնել հյուսվածաբանական, մանրէաբանական, մոլեկուլյար և գենետիկական վերլուծություններ բարձր ճշգրտությամբ։

ProDSS YSI բազմապարամետր թվային չափիչ սարքը նախատեսված է ջրի ֆիզիկաքիմիական հիմնական ցուցանիշների դաշտային և լաբորատոր չափման համար։ Սարքը համալրված է փոխարինելի սենսորներով և հնարավորություն է տալիս միաժամանակ չափել մի շարք պարամետրեր, ներառյալ՝ ջերմաստիճանը, լուծված թթվածինը (DO), pH-ը, էլեկտրական հաղորդականությունը (EC), աղայնությունը, օքսիդավերականգնման պոտենցիալը (ORP) և ընդհանուր կախյալ նյութերը (TDS)։ ProDSS-ը նախատեսված է էկոհամակարգային մոնիթորինգի, ջրային մարմինների որակի գնահատման, ինչպես նաև ակվակուլտուրայի պայմաններում ջրի պարամետրերի վերահսկման համար։ Այն հարմարեցված է դաշտային երկարատև օգտագործման՝ շնորհիվ իր ջրակայուն և ամուր կառուցվածքի, ինչպես նաև տվյալների գրանցման ներկառուցված համակարգի։

BA604B Biobase լաբորատոր կշեռքը նախատեսված է բարձր ճշգրտությամբ զանգվածի չափման համար՝ լաբորատոր պայմաններում։ Սարքը ապահովում է մինչև 0.1 մգ ճշգրտությամբ կշռում՝ թույլ տալով աշխատել փոքր քանակությամբ կենսաբանական և քիմիական նմուշների, լուծույթների և նյութերի հետ։ Կշեռքը հագեցած է ավտոմատ կալիբրացիայի համակարգով, սենսորային կառավարման վահանակով և կայունության ցուցիչով, ինչը երաշխավորում է չափումների բարձր հուսալիություն և կրկնելիություն։ Միկրոկշեռքը լայնորեն կիրառվում է կենսաբանական նմուշների նախապատրաստման, քիմիական լուծույթների ստոյխիոմետրիկ հաշվարկների, լաբորատոր ռեագենտների և սննդանյութերի ճշգրիտ չափաբաժնման գործընթացներում։

BioTek 800 TS Agilent միկրոպլանշետները կարդացող սարքը (microplate reader) նախատեսված է կենսաբանական, բիոքիմիական և մանրէաբանական փորձարկումների շրջանակում միկրոպլանշետների (96-փոսանի և այլ ձևաչափերի) վրա իրականացվող վերլուծությունների քանակական արդյունքների չափման համար։ Սարքն ապահովում է բարձր ճշգրտությամբ և զգայունությամբ օպտիկական խտության չափումներ՝ ֆոտոմետրիկ եղանակով՝ տարբեր ալիքայնությունների միջակայքում (ավանդաբար՝ 400–750 նմ): Սարքը հագեցած է դյուրակիր ինտերֆեյսով և տվյալների մշակման ներկառուցված ծրագրային համակարգով, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում վերլուծել մեծ քանակությամբ նմուշներ՝ բարձր կատարողականությամբ և արդյունավետությամբ։

Այս գործիքները հնարավորություն են տալիս կատարել ճշգրիտ չափումներ, վերլուծություններ և գնահատումներ՝ նպաստելով բարձրորակ հետազոտությունների իրականացմանը և համագործակցության ընդլայնմանը։