ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն խորացնում է իր միջազգային համագործակցությունը Դուբրովնիկի համալսարանի հետ
Հունիսի 3, 2025
Ս.թ․ մայիսի 29-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանին հյուրընկալեց Դուբրովնիկի համալսարանի ռեկտոր Նեբոշ Ստոյչիչը, և քննարկվեցին ակադեմիական համագործակցության ապագա հնարավորությունները։ Այս բարձր մակարդակի հանդիպումը կարևոր քայլ էր՝ ուղղված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի միջազգային գործընկերային կապերի ամրապնդմանը և ուսանողների ու ակադեմիական անձնակազմի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրկնակի դիպլոմով ծրագրերի մշակման, ուսանողների ու դասախոսների շարժունության ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունները։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն և Դուբրովնիկի համալսարանն արդեն իսկ համագործակցում են AFISHE ծրագրի շրջանակում՝ ձկնաբուծության և ակվակուլտուրայի ոլորտում գերազանցության խթանման նպատակով։ Քննարկումների ընթացքում ընդգծվեց գործարար վարչարարության և տնտեսագիտության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարը՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն այդ ուղղություններով ունի մասնագիտացված ամբիոն։
Հանդիպման արդյունքում տնօրեն Արմեն Սարգսյանն ու ռեկտոր Նեբոշ Ստոյչիչը պայմանավորվեցին մշակել և ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ակադեմիական մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցություն հաստատելու նպատակով։ Գործընկերությունը կմեկնարկի տնտեսագիտության և կառավարման ոլորտներում` հետագա ընդլայնման հեռանկարով։
Բացի այդ՝ Դուբրովնիկի համալսարանի ռեկտորի կողմից առաջարկ եղավ, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները մասնակցեն Դուբրովնիկի ամառային դպրոցներին՝ ձեռք բերելու միջազգային փորձառություն և կրթական նոր հմտություններ։
Այս համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգայնացման գործընթացում՝ միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով ուսանողների և դասախոսական կազմի համար՝ եվրոպական կրթական տիրույթում ներգրավվելու նպատակով։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին