Գլխավոր էջ





ՄԵՆՎԻՊՐՈ ամառային դպրոց. օր երկրորդ

Սեպտեմբերի 8, 2021

Ս/թ սեպտեմբերի 7-ը ՄԵՆՎԻՊՐՈ ծրագրի շրջանակներում անցկացվող ամառային դպրոցի երկրորդ օրն էր, որն ամբողջությամբ նվիրվեց մասնագիտական դասընթացների և մասնագիտական հարցերի քննարկմանը: Այսպիսով` Սիլվիա Պորտարենան Իտալիայի ազգային հետազոտական խորհրդից ներկայացրեց Շրջակա միջավայրի վիճակագրություն առարկան, որն  էական նշանակություն ունի շրջակա միջավայրի  գիտությունների մեջ` թե՛ տեսական, թե՛ փորձարարական տվյալների մեկնաբանման և վերլուծության համար: Շրջակա միջավայրի գիտություններում վիճակագրական մեթոդների կիրառումը բազմաթիվ է և բազմազան. կլիմայի մոդելներ, աղտոտման վերլուծություն, շրջակա միջավայրի նմուշառում և տվյալներ: Դասընթացի առաջին մաումը ուսանողներին ներկայացվեց միատարր և բազմատարր  տվյալների վերլուծության հիմնական վիճակագրական մեթոդները, իսկ երկրորդ մասում ներկայացվեց ընտրված վիճակագրական մոտեցումներ՝ շրջակա միջավայրի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների վերաբերյալ: Վիճակագրական տեխնիկայի իմացությունը կապահովի համապատասխան տեղեկատվություն կորզելու գործիքներ և որոշումների կայացման գործընթացները ղեկավարելու համար:

Այնուհետև Օլգա Բելյաեվան ներկայացրեց Շրջակա միջավայրի մոնիթորինգ և չափիչ սարքեր դասընթացը, որի նպատակն է զարգացնել ուսանողների գիտելիքները` շրջակա միջավայրի մոնիթորինգի ժամանակակից ծրագրերի, դրա նշանակության, վերահսկման համակարգի և  մեթոդների մասով, ծանոթացնել որոշ դաշտային և լաբորատոր գործիքների հետ և ձևավորել դաշտային ու լաբորատոր պայմաններում շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը գնահատելու ունակություն: Դասընթացը կօգնի ուսանողների մոտ զարգացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին գիտելիքները` որպես բնապահպանական կարևորագույն խնդիրները լուծելու համար հավաստի տեղեկատվություն ստանալու անհրաժեշտ համակարգի, ինչպես նաև կներկայացնի հիմնական բնապահպանական բաղադրիչները, դրանց վերահսկման առանձնահատկությունները, հիմնական վերահսկվող գործընթացները, նմուշառման մեթոդ ընտրելու հմտությունների և կարողությունների ձևավորումը, ընտրանքի պլանի մշակումը, տեղում որոշ չափումներ հաշվի առնելը և այլն:

Երկրորդ օրվա վերջին խոսնակը Գայանե Ներսիսյանն էր, ով ներկայացրեց Քաղաքային էկոլոգիա դասընթացը, որի նպատակն է մասնակիցներին տրամադրել քաղաքային էկոլոգիայի վերաբերյալ ներկա և գործնական գիտելիքներ, ներառյալ էկոլոգիական և սոցիալական ասպեկտները: Այն նպատակ ունի ապահովել ինտեգրված մոտեցում քաղաքային սոցիալ-էկոլոգիական համակարգերի վերաբերյալ: