Գլխավոր էջ





«Համալսարանական կրթությունից հետո դեպի գիտություն տանող ճանապարհը պետք է փնտրել ակադեմիական միջավայրում»,- ԳԿՄԿ ուսանող Գրիգոր Այվազյան

Հունիսի 28, 2022

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) և գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսն այս տարի ավարտած մագիստրոս Գրիգոր Այվազյանն է:

Բակալավրի կրթությունը Գրիգորը ստացել է ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն» բաժնում։

«Սերը բնության և շրջապատող աշխարհի նկատմամբ ստիպեց դառնալ աշխարհագետ, իսկ երբ պատրաստվում էի ընդունվել մագիստրատուրա, հասկացա, որ համալսարանական կրթությունից հետո դեպի գիտություն տանող ճանապարհը պետք է փնտրել ակադեմիական միջավայրում, ինչը հնարավոր դարձավ իրագործել Էկոկենտրոնի և ԳԿՄԿ-ի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում, որտեղ ուսմանը զուգահեռ մեր տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական դասընթացների միջոցով»,- պատմում է Գրիգորը:

Իր աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ Գրիգորին հնարավորություն ընձեռնվեց աշխատել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնում:

Ազատ ժամանակ Գրիգորը սիրում է ընթերցել մասնագիտական գրականություն՝ նպատակ ունենալով հարստացնել մասնագիտական գիտելիքների զինանոցը, ինչպես նաև սիրում է զբաղվել սիրողական հեծանվասպորտով:

«Շարունակելով դեպի գիտություն տանող ճանապարհը՝ ցանկանում եմ ընդունվել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտուրա, ինչը հնարավորություն կտա էլ ավելի կայանալ իմ մասնագիտության մեջ և գտնել իմ ուրույն տեղը գիտության մեծ և ֆանտաստիկ աշխարհում»,- նշում է Գրիգորը:

Գրիգորն ապագա ուսանողներին խորհուրդ է տալիս օգտվել ԳԿՄԿ-ի բացառիկ ակադեմիական միջավայրի լայն հնարավորություններից՝ ստանալով հետազոտահեն կրթություն, որը, անշուշտ, նպաստում է մասնագիտական կարողությունների և հաջողությունների արագ ձեռքբերմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին