Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) քննարկեցին նոր համագործակցության հեռանկարը

Դեկտեմբերի 28, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել համագործակցության իր շրջանակը: Ս/թ դեկտեմբերի 24-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Ռազմավարական ծրագրերի գծով փոխտնօրեն Ս. Շամախյանն և ծրագրի համակարգող Ա. Այվազյանը այցելեցին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն։ Կենտրոնի կողմից հանդիպմանը ներկա էին ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը, Հետազոտական գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանը, դեկան Ա. Մխիթարյանը, գիտքարտուղար Մ. Սարգսյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Ա. Հարությունյանը, «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն» ամբիոնի վարիչ Գ. Մկրտչյանը և Հանրային կապերի և կարիերայի բաժնի մասնագետ Մ. Ներսեսյանը:

FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր «էկոհամակարգի» ստեղծումն է: Այն մտադիր է համախմբել հայկական ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները։ Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն և գիտահետազոտական արտադրանքի առևտրայնացում:

Ռազմավարական ծրագրերի գծով փոխտնօրեն Ս. Շամախյանն իր խոսքում կարևորեց ԳԿՄԿ-ի հետ համատեղ համագործակցելու կարևորությունը FAST հիմադրամի կողմից իրականացվող «SciNova» ծրագրի շրջանակներում. «Մեր ծրագրի նպատակն է Գիտհետազոտության մեթոդաբանություն» և «Գիտության առևտրայնացում» ծրագրերը շարունակել ներդնել առկա համադրելի ծրագրերում՝ ելնելով Կենտրոնի կարիքներից և ներդրման մոդելներից, և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոսների ներգրավումը դասընթացավարների առաջիկա վերապատրաստմանը»,- նշեց Ս. Շամախյանը:

Վերապատրատման այս փուլում Կենտրոնից պետք է ներգրավեն մինչև 5 դասախոս, ովքեր կվերապատրաստվեն «SciNova»-ի կողմից և հետագայում կդասավանդեն «Գիտհետազոտության մեթոդաբանություն» և/կամ «Գիտության առևտրայնացում» դասընթացները։ «SciNova» -ն այս ծրագրով թիրախավորում է բնագիտամաթեմատիկական ուղղությունը։ Վերապատրաստումը բաղկացած է երեք մոդուլից․

  • «Գիտհետազոտության մեթոդաբանություն»
  • «Գիտության առևտրայնացում»
  • «Դասավանդման մեթոդաբանություն»


Հանդիպումը անցավ աշխատանքային և կառուցողական մթնոլորտում։ Կողմերը ընդգծեցին համագործակցության կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կրկին հանդիպել քննարկելու հետագա համատեղ համագործակցության հնարավորությունները արդեն այլ շրջանակներում:


ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին