Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն մասնակցեց «Կրթություն և կարիերա EXPO-2023»-ին

Ապրիլի 7, 2023

Ս/թ ապրիլի 5-7 «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO-2023» ավանդական 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի կրթական հաստատություններ՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:

Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին:

Տարվա խոշորագույն կրթության ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը, և նշեց որ այս հարթակը հնարավորություն է ստեղծում մեկտեղելու կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, հանդիսանալով հետազոտական առաջին համալսարանի նախատիպը Հայաստանում՝ ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում ներկայացրեց Կենտրոնում գործող շուրջ 20 ամբիոնները, որտեղ իրականացվում է կրթություն ավելի քան 30 մասնագիտական կրթական ծրագրերով։ Կենտրոնն իր այցելուներին ներկայացրեց ինչպես ընթացիկ մագիստրոսական կրթական ծրագրերը, այնպես էլ առաջիկայում նախատեսվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նոր մագիստրոսական կրթական ծրագիրը: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանն ընդգծեց, որ մագիստրոսների պատրաստումը գիտական կազմակերպություններում, որտեղ տեղակայված են Կենտրոնի մասնագիտական ամբիոնները, հնարավորություն են տալիս մագիստրանտներին մասնակցելու գիտական հետազոտությունների իրականացմանն ու ձեռք բերելու պրակտիկ հմտություններ՝ ապահովելով կրթություն-գիտություն-արտադրություն ամուր կապը:

ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը նշեց կրթական հաստատությունների ակտիվ մասնակցության կարևորությունը նմանատիպ մասնագիտացված ցուցահանդեսներին, որոնք աշակերտներին և ուսանողներին հնարավորություն են ընձեռում կողմնորոշվելու կրթություն ու մասնագիտություն ընտրելու հարցում կամ ծանոթանալու աշխատանքային հեռանկարներին:

Լ.Ադամյանն ընդգծեց, որ այս երեք օրերի ընթացքում արդեն ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության ուղղությամբ, որոնք ուսանողների համար արտադրական պրակտիկայի և աշխատանքի ընդունման լայն հնարավորություններ են ստեղծելու առաջիկայում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին