Գլխավոր էջ





Հայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Հունիսի 20, 2022

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ շնորհելու նպատակով: Հիշեցնենք, որ Արտեմ Փաթափությանն ընտրվել էր ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր երախտագիտությունը հայտնեց Արտեմ Փաթափությանին նրա կատարած հայանպաստ գործունեության, արժեքավոր ձեռքբերումների համար և սիրով հանձնեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչակազմի անդամները՝ տնօրեն Ա. Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Նիստի ընթացքում ծավալվեց բովանդակային կլոր-սեղան քննարկում մասնակիցների միջև, որի ժամանակ Կենտրոնի ներկայացուցիչները նույնպես հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին:

Նիստի ավարտին Աշոտ Սաղյանի նախաձեռնությամբ արդեն պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում Արտեմ Փաթափությանի հաջորդ այցի ժամանակ Հայաստան, վերջինս ավելի մանրամասն կծանոթանա ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գործունեությանը, այնտեղ գործող գիտահետազոտական կենտրոնների և լաբորատորիաների հետազոտական աշխատանքներին՝ ինչն էլ նոր համագործակցության հիմք կդառնա:

Հավելենք, որ Արտեմ Փաթափությանը Հայաստանում մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառմանը:

Հիշեցնենք, որ Արտեմ Փաթափությանը մեծանուն մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան է: 2021թ-ի հոկտեմբերի 4-ին Արտեմ Փաթափությանին շնորհվեց Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում՝ կենդանի օրգանիզմներում շոշափական և ջերմազգաց ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար:

Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում: 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում, 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում: Ներկայումս պրոֆեսոր Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Փաթափության փորձարարական լաբորատորիան»:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին