Գլխավոր էջ





Որակի ապահովման և կառավարման համատեքստում լավագույն փորձի փոխանակում ԳԿՄԿ ամբիոնների միջև

Մարտի 19, 2024

Ս.թ. մարտի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամբիոնների վարիչների ընդլայնված նիստ՝ բուհի ներսում լավագույն փորձի ներկայացման և տարածման նպատակով:

Միջոցառմանը ներկա էին ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ԳԿՄԿ ամբիոնի վարիչներն ու համակարգողները:

Հանդիպման օրակարգում ԳԿՄԿ «Օտար լեզուների» և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համատեղ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնների դրական՝ արտաքին փորձագետների կողմից լավագույն ճանաչված փորձի ներկայացումն էր՝ կրթության որակի ապահովման շրջանակներում:

Բացման խոսքում ԳԿՄկ որակի ապահովման բաժնի պետ բ.գ.թ. Նարինե Վարդանյանը հավաստիացրեց, որ այսօրինակ հանդիպումները շարունակական են լինելու, ինչը կնպաստի ամբիոնների միջև կապերի սերտացման, փոխհամագործակցության և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը: Ն.Վարդանյանն իր խոսքում նաև շեշտեց, որ ԳԿՄԿ-ն կրթության կազմակերպման և կառավարման նոր՝ որակապես ավելի բարձր մակարդակի է հասել, քանի որ որակի ապահովման մշակույթն ու սկզբունքներն արդեն տարածում են գտել Կենտրոնի տարբեր ամբիոններում, որտեղ, անկախ ԳԿՄԿ որակի ապահովման բաժնից, մշակվում են գնահատման գործիքներ և իրականացվում որակի կառավարմանն ուղղված միջոցառումներ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ. Գոհար Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց որակի ներքին գնահատման մեխանիզմներն ու գործիքները օտար լեզուների ամբիոնի օրինակով: Գ.Գրիգորյանը նշեց, որ որակի ապահովման բաժնի կիսամյակային գնահատումից բացի՝ օտար լեզուների ամբիոնում մշակվել և ներդրվել է անկախ գնահատման մեխանիզմ և գործիքներ, ինչը հնարավորություն է տալիս պարբերաբար բացահայտել ուսանողների կրթական կարիքները և կազմակերպել ուսուցում դրանց հիման վրա՝ հաշվի առնելով նաև մասնագիտական ոլորտի առանձնահատկություններն ու տերմինաբանությունը: Գ.Գրիգորյանը կարևորեց դասախոսների կողմից փոխադարձ գնահատման կիրառումը, որը թույլ է տալիս վեր հանել այնպիսի առկա խնդիրներ, որոնք այլ ուսումնասիրություններով չեն բացահայտվում, և որոնց հիման վրա հնարավոր է դառնում իսկապես բարելավել առարկայական ծրագրերն ու նկարագրերը: Ամբիոնի կողմից մշակված հարցաթերթի նմուշ-օրինակը տրամադրվեց նաև ներկաներին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համատեղ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյանն էլ ներկայացրեց բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի կողմից նախաձեռնված և իրականացված բենչմարքինգի արդյունքները մասնագիտական կրթական ծրագրի բարեփոխման դրական օրինակի հիման վրա: Իր ելույթում Լ.Սահակյանն ընդգծեց, որ դասավանդման հիմքում դրված է նախագծահեն կրթության կազմակերպումը, ինչը նպաստում է գործնական հմտությունների զարգացմանը, խթանում մասնագիտական կարողությունների առաջխաղացումը դաշտային աշխատանքների և գիտահետազոտական գործունեության իրականացման արդյունքում, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս գիտելիքի սպառումից սահուն անցում կատարել դեպի գիտելիքի ստեղծում: Լ.Սահակյանը նշեց, որ իրականացված բենչմարքինգի շրջանակներում կազմակերպվել են աշխատաժողովներ գործատուների հետ, ընթացքում դուրս բերվել մասնագիտական կրթական ծրագրի բացթողումները, բարելավվել ՄԿԾ-ները՝ հընթացս լրացնելով մագիստրոսական կրթության համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների պակասը և նպաստելով սովորողների շրջանում հետազոտական և վերլուծական կարողությունների ձևավորմանը: Բանախոսը մանրամասն ներկայացրեց այն ութ առարկայական ծրագրերը, որոնք ենթարկվել են բարեփոխումների՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և ներդրման արդյունքում:

Միջոցառման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում. ամբիոնի վարիչները բանախոսներին ուղղեցին իրենց հուզող հարցերը հետագայում իրենց ամբիոններում ներկայացված լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով: Հնչեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնք ԳԿՄԿ որակի ապահովման բաժինն արձանագրեց և հետևողական աշխատանքի արդյունքում փորձելու է կյանքի կոչել: Բացի այդ, ամբիոնների վարիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկայում կազմակերպել կլոր սեղան-քննարկումներ գործատուների մասնակցությամբ՝ ՄԿԾ-ների բարելավման գործընթացներում աշխատաշուկայի պահանջներին առավելապես համապատասխանող չափելի վերջնարդյունքներով մասնագիտական կրթական ծրագրերի ապահովման նպատակով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին