Գլխավոր էջ





«AFISHE» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում

Հունիսի 6, 2023

Ս/թ հունիսի 6-7-ը Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում, որը գտնվում է Նիտրա քաղաքում, ընթանում է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցում են ծրագրի համակարգող հաստատությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, աֆիլացված գործընկեր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Դուբրովնիկի համալսարանի, Պորտոյի համալսարանի, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի, Սումիի ազգային ագրարային համալսարանի և Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի անդամները:

Առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկավ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի պրոռեկտոր դոկտոր Դրահոսլավ Լանչաչիչը:

Այնուհետև, ըստ օրակարգի, գործընկեր հաստատությունները ներկայացրին առաջին վեց ամսում իրենց բուհերի կողմից կատարված աշխատանքները:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, ԳԿՄԿ ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը մասնավորապես ներկայացրեց ԳԿՄԿ և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համատեղ աշխատանքային թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքները՝ տարվա սկզբին ծրագրի մեկնարկային հանդիպման կազմակերպումից սկսած մինչև առաջին աշխատանքային փաթեթում ներառված գործողությունները, այդ թվում՝ բենչմարքինգի հաշվետվության կազմումը, գործատուների հետ հանդիպումը, կրթական վերջնարդյունքների, ուսումնական պլանի և ծրագրի մշակումը: Հատուկ ընդգծվեց նաև ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածումը հասարակության լայն շրջանակներում՝ ծրագրի մասին լուսաբանելով «Կրթություն և կարիերա էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստատեսության և մի շարք այլ ԶԼՄ-ների ու տեղեկատվական հարթակների միջոցով:

Այնուհետև աշխատանքային փաթեթների պատասխանատուները ներկայացրին ինչպես իրականացված, այնպես էլ նախատեսվող գործողությունները՝ ըստ ծրագրի ժամանակացույցի:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնելու ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ Հայաստանում և Ուկրաինայում ստեղծելով և զարգացնելով ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար նմանատիպ ծրագրերին, ուղղված կլինեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին