Գլխավոր էջ





AFISHE ծրագրի փորձագիտական խմբի ճանաչողական այցը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

Հունվարի 26, 2023

Ս/թ հունվարի 26-ին AFISHE ծրագրի փորձագիտական խմբի եվրոպական գործընկերների համար կազմակերպվեց ճանաչողական այց` ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանի, հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության լաբորատորիայի վարիչ Բարդուխ Գաբրիելյանի, AFISHE ծրագրի ՀԱԱՀ համակարգող Գարեգին Համբարձումյանի և AFISHE ծրագրի ԳԿՄԿ համակարգող Արուսյակ Հարությունյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն այցելուներին ներկայացրեց գիտական կենտրոնի գիտահետազոտական գործունեությունը, որը փորձարարական մակաբուծաբանության և կենդանաբանական այլ հետազոտությունների համար արդյունավետ հենակետ է հանդիսանում: Այստեղ կատարվում են տեսական և գործնական կարևոր նշանակություն կենսաբազմազանության, կենդանաբանության և մակաբուծաբանության կարևորագույն հարցերին նվիված փորձարարական հետազոտություններ, փորձարկվում են գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ եղանակներ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության լաբորատորիայի վարիչ Բարդուխ Գաբրիելյանը աշխատանքային խմբի համար կազմակերպեց հետաքրքիր ճանաչողական այց Կենտրոնի ենթակառուցվածքներ և Հայաստանի Կենդանաբանական թանգարան, որն իրականացնում է գիտական, պատմական և ճանաչողական գործառույթներ:

Պատվիրակության անդամները տպավորված էին Կենտրոնի լաբորատորիաների և հատկապես՝ Հայաստանի Կենդանաբանական թանգարանում առկա նմուշներով, որտեղ մեկ դարից ավել պահվում են հայկական բնաշխարհի անհետացած և այսօր էլ բնության մեջ ապրող կենդանատեսակներ: Թանգարանում ցուցադրվող նմուշները անկած կենդանիներ են, որոնց հավաքում են դաշտային աշխատանքների և գիտական հետազոտությունների ընթացքում, իսկ մաշկաքանդակագործը մշակում և վերականգնում է նախնական տեսքը:

Թանգարանի միջազգայնացման համար ներկայացվում են ծրագրեր տարբեր միջազգային կառույցների և զուգահեռ համալրում ցուցանմուշները նոր կենդանատեսակներով: Այստեղ ցուցադրության է ներկայացված կարմիր գրքում գտնվող Դարիևսկու վահանագլուխ իժը, թարմացվել են նաև հայկական իժերը: 2021թ.-ին Կենդանաբանական թանգարանում բացվել է մեր օրերում ապրող կենդանատեսակների ցուցասրահը, որտեղ առկա են ողնաշարավոր կենդանիների 550 և անողնաշարների 1200-ից ավելի ցուցանմուշներ, տարբեր տեսակի սողուններ և ձկներ:

Բուհերի ուսանողների համար թանգարանում իրականացվում են գիտակրթական ծրագրեր, ինչպես նաև աշխատում են մարզերի դպրոցների հետ, տարվա ընթացքում աշակերտները պարբերաբար այցելում են թանգարան՝ ծանոթանալու կենդանիների եզակի ցուցանմուշների հետ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը վստահեցրեց, որ կենտրոնում ստեղծված ենթակառուցվածքները նպաստավոր պայմաններ կստեղծեն ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ուղղությամբ մագիստրոսական ծրագրերի իրականացման և կատարելագործման համար, որոնք կհամապատասխանեն աշխատաշուկայի և ժամանակակից հասարակության, բարձրագույն կրթության և որակի ազգային շրջանակի նորագույն ստանդարտների պահանջներին։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին