Գլխավոր էջ





Հանդիպումների շարք ՀՀ խոշորագույն գործատուների հետ

Մարտի 26, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մշտապես կարևորում է աշխատաշուկայի հետ սերտ համագործակցությունը մրցունակ և որակյալ կադրերի պատրաստման գործընթացում: Համաձայն ԳԿՄԿ հետազոտական ռազմավարության առանցքային դրույթների իրականացման, Կենտրոնում գիտահետազոտական աշխատանքների ծավալի ընդլայնման, արդյունավետության բարձրացման ու հետազոտության արդյունքների ապրանքայնացման գործընթացների իրականացման՝ Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժինը գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանի հետ նախաձեռնել է ՀՀ խոշորագույն գործատուների հետ հանդիպումների շարք, որի շրջանակներում կամրապնդվեն նախկինում եղած կապերը և նոր համագործակցություններ ձեռք կբերվեն Կենտրոնի և տարբեր գործատու կազմակերպությունների միջև:

Հետազոտության արդյունքների ապրանքայնացման, գործատուների հետ հարաբերությունների ընդլայնման, աշխատաշուկայի արդի պահանջների ուսումնասիրության, անհրաժեշտ կադրերի պատրաստման նպատակով ս/թ մարտի 26-ին հանդիպում կայացավ «Ուան Ուեյ» տուրիստական խոշորագույն ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանի հետ։ Հանդիպման ընթացքում փոխհամագործակցության հուշագիր ստորագրվեց ԳԿՄԿ և «Ուան Ուեյ» տուրիստական ընկերության միջև: Հանդիպմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը, գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանը, դեկան Ա. Մխիթարյանը, հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը, մագիստրատուրայի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կ. Սարգսյանը:

Տնօրենը ողջունեց նոր ձևավորվող համագործակցությունը, ներկայացրեց ԳԿՄԿ առաքելությունը, գործունեությունը, Կենտրոնում իրականացվող «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը: Կենտրոնի «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագով սովորող մագիստրանտները և շրջանավարտները համագործակցության շրջանակներում հնարավորություն կունենան գործնական գիտելիքներ, աշխատանքային փորձ և հմտություններ ձեռք բերելու «Ուեն Ուեյ» ընկերությունում՝ այնտեղ անցկացնելով նաև իրենց գիտահետազոտական պրակտիկան: Ուսանողները կկարողանան մասնակցել ընկերության կազմակերպած խմբային արշավներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացնել ընկերությունում առկա թափուր հաստիքները:

«Ուան Ուեյ» ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը շեշտեց, որ յուրաքանչյուր գործատուի երազանքն է որակյալ կադրեր ունենալը, ինչի համար անչափ ուրախ է ստեղծված հնարվորության և Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համագործակցության համար:

Կողմերը քննարկեցին առաջիկա ծրագրերը, նոր առաջարկներ մշակեցին։ Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ն. Հակոբյանն առաջարկեց ԳԿՄԿ ուսանողների օգնությամբ իրականցնել ոլորտում անհրաժեշտ խնդիրների ուսումնասիրություն և հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները հետագայում կտրամադրվեն տվյալ կազմակերպությանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հանդիպում կազմակերպել նաև ԳԿՄԿ մագիստրանտների հետ:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժին