Գլխավոր էջ





«ՀՀ անվտանգային միջավայրը և հիբրիդային սպառնալիքները» թեմայով սեմինար-քննարկում

Փետրվարի 2, 2024

Փետրվարի 2-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «ՀՀ անվտանգային միջավայրը և հիբրիդային սպառնալիքները» թեմայով, որը վարում էր Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր, ք.գ.թ. Գևորգ Մելիքյանը:

Սեմինարին մասնակցում էին ինչպես ԳԿՄԿ, այնպես էլ ՀՀ այլ բուհերի ուսանողներ: Հանդիպման մասնակիցներին Գ. Մելիքյանը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքներն ու հիմնական մարտահրավերները, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետ:

Բանախոսը մանրամասն անդրադարձավ անվտանգության նորագույն սպառնալիքներին, որոնց բազմաշերտ գործողությունների իրականացման ոլորտներն ու գործիքակազմի բազմազանությունը նոր իմաստներով առաջին պլան են մղել «հիբրիդային պատերազմ», «հիբրիդային հարձակումներ», «հիբրիդային վտանգներ» հասկացությունները։ Մասնավորապես ընդգծվեց, որ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային հարձակումների բավականին լուրջ հատված են կազմում տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք ներառում են ինչպես տեխնիկական, կիբեր-անվտանգության հետ կապված հարձակումներ, այնպես էլ բովանդակային, մեդիա տիրույթում իրականացվող գործողություններ՝ դրսևորվելով քարոզչության, կեղծ նորությունների տարածման, նարատիվների ձևավորման, հոգեբանական խորը ազդեցություն ունեցող հարձակումներով։ Հաճախ մի քանի ուղղություն իրար օժանդակում են՝ ուժեղացնելով վերջնական ազդեցությունը։

Գ. Մելիքյանը խոսեց նաև կոգնիտիվ պատերազմների մասին, որոնք վարում են առանց ուժային միջամտության՝ միայն մարդու գիտակցության վրա ազդելու հատուկ մեթոդների կիրառմամբ:

Սեմինարի ավարտին կազմակերպվեց ընդգրկուն ու բովանդակալից հարցուպատասխան. մասնակիցները հանդես եկան ակտիվ հարցադրումներով՝ վերջում շնորհակալություն հայտնելով Գևորգ Մելիքյանին արժեքավոր տեղեկատվության և հետաքրքիր զեկուցմամբ հանդես գալու համար:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին