Գլխավոր էջ





«Փոքրիկ փիլիսոփա». այսպես բնութագրեցին առաջին ընթերցողները «Ժամանակից ծնվածները» գրքի հեղինակին

Սեպտեմբերի 24, 2015

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Օֆելի Դալաքյանի «Ժամանակից ծնվածները» պատմվածքների անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ կենտրոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանը, որը նշեց, որ Դալաքյանի պատմվածքներում արտացոլվում են նրա աշխարհայացքը, ներաշխարհը, երազանքները, հույսերը, մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքը:
«Փոքրիկ փիլիսոփա». այսպես բնութագրեց գրքի հեղինակին Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկը` Սուսաննա Ամիրբեկյանը, ապա մանրամասնեց. «Չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքիր գաղափարներ, փիլիսոփայական մտքեր կարող էի հանդիպել նրա ստեղծագործություններում: Կարդալով գիրքը` տեսա հեղինակի աշխարհը, իրականության հետ հեղինակի շփումը, երբեմն նաև բախումը, բայց նահանջ, պարտություն չտեսա»:
Իսկ հեղինակը` Օֆելի Դալաքյանը, նշեց, որ շատ-շատերի նման մանկուց չի ստեղծագործել, այլ սկսել է գրել 17-18 տարեկանում. «Գիրք ունենալը թաքուն երազանք էր, որի մասին անգամ չէի բարձրաձայնում: Եթե շատ աղջիկներ իրենց հույզերը, մտքերը պատմում են ընկերուհիներին, ես սկզբում դրանք հանձնում եմ թղթին, հետո նոր խոսում մյուսների հետ: Իմ առաջին ընկերուհին, պաշտպանը, լսողը, թուղթն է»:
Շնորհանդեսի վերջում ելույթ ունեցողները Օֆելի Դալաքյանին մաղթեցին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գրական աշխարհում: