Գլխավոր էջ





Կրթության և գիտության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ

Հունվարի 15, 2024

Հունվարի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության հետ՝ ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորությամբ և ՀՀ-ում ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլանի մասնակցությամբ:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համատեղ, որը միտված էր Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության և գիտության ոլորտում նորարարարական գաղափարների և լավագույն փորձի արդյունավետ փոխանակմանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը մասնակիցներին ներկայացրեց միջոցառման օրակարգը՝ ուղղված կրթության և գիտության համատեքստում ՀՀ-ԱՄԷ համագործակցության հեռանկարների քննարկմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ով ողջունելով բարձրաստիճան պատվիրակության անդամներին՝ հույս հայտնեց, որ այս հանդիպմամբ հիմք կդրվի հետագա ամուր և շարունակական համագործակցությանը գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների բարօրության, երկու ազգերի միջև հետագա բարեկամության և գիտակրթական համագործակցային կապերի հաստատման:

ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին էլ իր հերթին ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ընդգծեց, որ իր ուշադրության առանցքում է կրթության և գիտության բնագավառն ու նորագույն տեխնոլոգիաների զարգացումը, և այս հանդիպմամբ հնարավորություն է ստեղծվել մտքերի փոխանակման և հետագա արդյունավետ փոխգործակցության համար:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ներկայացրեց Կենտրոնի մագիստրոսական կրթական ծրագրերը, ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները, արտերկրյա առաջատար բուհերի հետ առկա միջազգային համագործակցության հնարավորությունները և շնորհակալություն հայտնեց պատվիրակության ղեկավարին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար: Իր խոսքում Ա.Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հետազոտական համալսարանի նախատիպ է, որտեղ մասնագիտական ամբիոնները տեղակայված են ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում ու գիտական կենտրոններում՝ այդպիսով ապահովելով կրթություն-գիտություն փոխշաղկապվածությունը: Ա.Սարգսյանն իր պատրաստակամությունը հայտնեց հետագա համագործակցության համար, որի շրջանակներում հնարավոր կլինի իրականացնել համատեղ գիտակրթական նախագծեր և լավագույն փորձի փոխանակմանն ուղղված հեռանկարային ծրագրեր:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոռ Մարգարյանը, ովքեր ներկայացրին իրենց գիտական կառույցների գործունեությունն ու վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները և նշեցին հնարավոր համագործակցության ուղղությունները:

Միջազգային պատվիրակության անդամները տպավորված էին ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմի բովանդակությամբ, որն ամբողջացրեց միջոցառումը՝ համառոտ ներկայացնելով ՀՀ բարձրագույն գիտական կաճառի հարուստ պատմությունն ու գիտական արժեքը:

Հանդիպման վերջում ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլանին իր գոհունակությունը հայտնեց բովանդակալից ելույթների և արդյունավետ քննարկում կազմակերպելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ առաջիկայում կշարունակվի համատեղ համագործակցությունն արդեն ավելի նեղ մասնագիտական խմբերով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին