Գլխավոր էջ





Լավագույն մագիստրոսական թեզի հեղինակ ուսանողը կխրախուսվի հատուկ մրցանակով

Փետրվարի 21, 2024

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ի դեմս տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի և «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի կնքել են փոխըմբռնման հուշագիր համատեղ գիտահետազոտական, գիտատեխնիկական աշխատանքների, գիտագործնական նախագծերի կատարման և մասնագիտական գիտելիքների փոխանակման նպատակով:

Համատեղ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնի մագիստրանտների համար ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում համատեղ գիտական հետազոտությունների, նախագծերի և ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև բարձրացված խնդիրների լուծմանը փոխհամաձայնեցված մոտեցումների մշակման համար:

Համագործակցության շրջանակներում կկազմակերպվի նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի ուսանողների և երիտասարդ մասնագետների ուսուցում՝ համատեղ գիտաժողովների, սեմինարների, որակավորման բարձրացման դասընթացների և դաշտային պրակտիկաների կազմակերպմամբ, իսկ լավագույն մագիստրոսական թեզի հեղինակ ուսանողը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից կխրախուսվի հատուկ մրցանակով՝ 1500 եվրոյին համարժեք դրամի չափով:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին