Գլխավոր էջ





Հավաստագրեր`շնորհված վերապատրաստված պրոֆեսորադասախոսական կազմին

Մայիսի 18, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի բարելավման պլանի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի համար օտար լեզվի վերապատրաստումներ անցկացնելը ԳԿՄԿ-ի միջազգայնացման առաջնահերթություններից մեկն է: Պրոֆեսորադասախոսական կազմի օտար լեզվի իմացությունը թեստավորելուց և մակարդակը որոշելուց հետո մեկնարկեցին վերապատրաստման դասընթացները՝ 30 ակադեմիական ժամ լսարանային ծանրաբեռնվածությամբ։ Ինքնուրույն ուսումնառությանը հատկացված էր 30 ժամ։

Ս.թ. մայիսի 18-ին ավարտվեց միջին մակարդակի խմբի վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի տարբեր ամբիոնների դասախոսներ: Դասընթացը վարում էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի արտաքին կապերի բաժնի պետ, անգլերենի դասախոս Արուսյակ Հարությունյանը: Տվյալ դասընթացը առավելապես նպատակաուղղված էր զարգացնելու մասնակիցների հաղորդակցական, ինչպես նաև լսողական, ընթերցողական և գրելու կարողությունները: Դասընթացի ընթացքում մասնակիցները, լեզվական կարողությունները զարգացնելուց բացի, սովորեցին գրել գործնական գրություններ՝ ինքնակենսագրություններ, մոտիվացիոն նամակներ, մասնակցեցին հարցազրույցների, ինչպես նաև սովորեցին աշխատել Մուդլ հեռավար ուսուցման հարթակում, քանի որ ինքնուրույն ուսումնառության համար նախատեսված առաջադրանքները տեղադրված էին հարթակում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին մասնակցության՝ երկու կրեդիտատարությամբ հավաստագրեր: